Ստուգումների տարեկան ծրագրեր

20/03/2017

Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման ճանապարհի հիմնանորոգման աշխատանքները շարունակվում են

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը այցելել է Լոռու մարզ, որտեղ անցած տարվանից ընթանում է Մ6 (Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման) միջպետական ավտոճանապարհի վերականգնման և բարելավման ծրագիրը։



Նախագծի առաջին մասը ֆինանսավորում է Եվրոպական ներդրումային բանկը, շինարարական աշխատանքներն ընդգրկում են միջպետական ավտոճանապարհի 38 կմ հատվածը:



Նախարարը տարբեր հատվածներում կանգառներ կատարեց, լսեց ճանապարհաշինարարների մտահոգություններն ու աշխատանքի ընթացքում առաջացող խնդիրները:Հիմնանորոգվող ճանապարհի սկզբնամասում, որտեղ աշխատանքներ է իրականացնում «Արարատ-ճանշին» ընկերությունը, շարունակվում են ժայռային բնահողերում պայթեցման, փխրեցման, ինչպես նաև փափուկ բնահողերում հանույթի և լիցքի հողային աշխատանքները:



Ներկայում ընթանում են առկա ենթակառուցվածքների տեղափոխման, հողային ծածկի քանդման, արհեստական կառուցվածքների տեղադրման և հենապատերի կառուցման աշխատանքները:



Ընկերության տնօրենը հավաստիացրեց, որ շինարարությունն ընթանում է ըստ նախագծով սահմանված ժամանակացույցի, և մինչև ամռան սկիզբը ենթակառուցվածքների վերամոնտաժման աշխատանքները կավարտվեն:



Նախարարին ներկայացվեց մի խնդրահարույց թեմա. հիմնանորոգվող ճանապարհահատվածի տակ ՀԷԿ-ի հին ու մաշված խողովակներն են, որոնց մասին նախագծման փուլում հայտնի չի եղել: Տեղում քննարկման արդյունքում, նաև մասնագետների խորհրդով, Վահան Մարտիրոսյանը հրահանգեց ապամոնտաժել դրանք` հետագա բարդություններից խուսափելու և հիմքի ամրությունը չխաթարելու համար:



«Ճանապարհ» ընկերության տնօրենը նախարարին ներկայացրեց շինարարության ընթացքում հաճախ հանդիպող ևս մեկ խնդիր` սեփականաշնորհված հողատարածքների իրացումը:



Նախարարը ծանոթացավ յուրաքանչյուր վիճահարույց դեպքի մանրամասներին, զրուցեց նաև սեփականատեր քաղաքացիների հետ:Վահան Մարտիրոսյանը նախարարության «Տրանսպորտային ծրագրերի իրականացման կազմակերպություն» ՊՈԱԿ-ի ղեկավարին հանձնարարեց յուրաքանչյուր սեփականատիրոջ հետ քննարկել և փոխշահավետ լուծում գտնել:



Հիմնանորոգվող միջպետական ճանապարհին գտնվող 2 թունելները վերանորոգվում են, իսկ երրորդն ամբողջությամբ վերակառուցվում է: Աշխատանքներն իրականացնում է «Կապավոր» ընկերությունը: Նախարարի` անցած տարվա նոյեմբերի այցից հետո թունելում շինարարությունը չի դադարել, կատարվել են բետոնապատման աշխատանքներ:



«Կապավոր» ընկերության ղեկավար Արման Հակոբջանյանի խոսքով` ապահովվում է թունելի լայնության ու բարձրության համապատասխանությունը շինարարական նորմերով պահանջվող չափորոշիչներին:Ճանապարհի 12 կամուրջներից 3-ը հիմնովին քանդվելու են և նորից կառուցվեն, մյուս 9-ը՝ կվերանորոգվեն:


Եվրոպական ներդրումային բանկի կողմից նշանակված շինարարական աշխատանքները վերահսկող ներկայացուցիչները ճանապարհի հիմնանորոգման աշխատանքների ողջ ընթացքում հետևում են ծրագրի համապատասխանությանն ու անվտանգության նորմերի պահպանմանը։


Այլ մանրամասներ՝ տեսանյութում...


ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների
նախարարության լրատվական ծառայություն




Ընդլայնված որոնում

Պահոց


Ամիս
Տարի
 

Նամականիշներ



Ճանապարհային քարտեզ


Ավելին