Ստուգումների տարեկան ծրագրեր

11/02/2017

ԵԱՏՄ անդամ պետությունների տարածքում կիրականացվեն կաբոտաժային բեռնափոխադրումներ (Տեսանյութ)

Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) անդամ պետությունների տրանսպորտի բնագավառի լիազոր մարմինների ղեկավարների 6-րդ խորհրդակցությունն այս տարի անցկացվեց Հայաստանում: Փետրվարի 11-ին` աշխատանքային քննարկումից հետո, մասնակից նախարարները լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում ներկայացրին խորհրդակցության ժամանակ քննարկված հարցերն ու ձեռք բերված պայմանավորվածությունները:



ԵՏՀ էներգետիկայի էներգետիկայի և ենթակառուցվածքների կոլեգիայի անդամ (նախարար) Ադամկուլ Ժունուսովը հանդիպումը շատ արդյունավետ գնահատեց: Նրա խոսքով` ձեռք բերվեցին պայմանավորվածություններ օրակարգի բոլոր հարցերի շուրջ: Մշակվեց «Ճանապարհային քարտեզի» պատրաստման աշխատանքի հայեցակարգը: Դրանով կզբաղվի աշխատանքային խումբը, որը կգլխավորեն անդամ երկրների փոխնախարարները: Այդպիսի մոտեցումը թույլ կտա միության տարածքում մինչև 2025 թվականը հանել տրանսպորտային բոլոր տեսակի փոխադրումների սահմանափակումները և արգելքները:



«Կգործարկվի տրանսպորտային ծառայությունների ընդհանուր շուկա: Դրանից ակնկալում ենք մեր երկրների տնտեսությունների որակական փոփոխություն և բնակչության կենսամակարդակի բարձրացում»,- նշեց Ադամկուլ Ժունուսովը:

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը, շնորհակալություն հայտնելով խորհրդակցության մասնակիցներին, նշեց, որ ձեռք են բերվել մի շարք կարևոր համաձայնություններ, ստորագրվել են փաստաթղթեր, մասնավորապես, ԵԱՏՄ տարածքում ավտոմոբիլային կաբոտաժային փոխադրումներն ազատականացնելու շուրջ: «Սա նշանակում է, որ ԵԱՏՄ անդամ մի երկրի բեռնափոխադրող ընկերությունը կարող է միջազգային փոխադրումների ճանապարհին բեռներ փոխադրել մի կետից մյուսը միության անդամ մեկ այլ պետության տարածքում»,- պարզաբանեց Վահան Մարտիրոսյանը:



ՌԴ տրանսպորտի նախարար Մաքսիմ Սոկոլովն ընդգծեց, որ սա կնվազեցնի բեռնափոխադրման ծախսերը, ինչն էլ կհանգեցնի փոխադրվող ապրանքների գների նվազման:

Մ. Սոկոլովը նաև նշեց, որ կաբոտաժային բեռնափոխադրումների սահմանափակումներ կան ամբողջ աշխարհում: «Նույնիսկ Եվրոպական միությունում, որը բավական երկար ինտեգրման ճանապարհ է անցել, կաբոտաժային փոխադրումները շատ մտահոգիչ թեմա են, և հիմնականում երկրները դա թույլ չեն տալիս իրենց տարածքում: Մենք այս հարցի շուրջ կարողացանք փոխհամաձայնության գալ, իսկ դա նշանակում է, որ նպատակ ունենք խորացնելու տնտեսությունների ինտեգրումը տրանսպորտային ծառայությունների ոլորտում»,- ընդգծեց Մաքսիմ Սոկոլովը:



Ռուսաստանի տրանսպորտի նախարարի խոսքով` հաշվի առնելով Հայաստանի աշխարհագրական դիրքը և այն, որ ուղիղ տրանսպորտային կապեր (բացառությամբ օդային) չունի ԵԱՏՄ անդամ պետությունների հետ, իրենք հակված են համագործակցության տարբեր ձևաչափերի, այդ թվում՝ երրորդ երկրների հետ բանակցությունների, որպեսզի մեղմվեն Հայաստանի համար առկա տրանսպորտային անհարմարությունները:

Խորհրդակցության մասնակիցները անդրադարձել են նաև ԵԱՏՄ անդամ պետությունների մայրաքաղաքների միջև ուղիղ ավիաչվերթների անհրաժեշտությանը:

Այլ մանրամասներ՝ տեսանյութում...



ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների
նախարարության լրատվական ծառայություն







Ընդլայնված որոնում

Պահոց


Ամիս
Տարի
 

Նամականիշներ



Ճանապարհային քարտեզ


Ավելին