Ստուգումների տարեկան ծրագրեր

28/01/2017

Նախարար Վահան Մարտիրոսյանը երեկ երեկոյան անակնկալ շրջայց է կատարել (Տեսանյութ)

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը երեկ ուշ երեկոյան անակնկալ շրջայց կատարեց մի քանի մարզերի ավտոճանապարհներով: Ձյան առատ տեղումները ճանապարհաշինական ընկերություններին ստիպում են աշխատել ավելի ինտենսիվ, սակայն թե որքանով են աշխատանքները արդյունավետ, նախարարը որոշեց իր աչքով տեսնել:



Առաջին կանգառը կատարվեց Աբովյանի տարածաշրջանում: Այցից անակնկալի եկած Կոտայքի ճանշինի աշխատակիցները զեկուցեցին, որ աշխատում են շուրջօրյա: Ճանապարհի այս հատվածի անցանելիությունը նախարարն ընդհանուր առմամբ գնահատեց բավարար և հորդորեց աշխատել առավել ինտենսիվ:




Ծովագյուղի մոտակայքում ճանապարհին կուտակված էին մի քանի բեռնատարներ: Տեղում պարզվեց, որ Դիլիջանի թունելն անցնելուց հետո մի բեռնատար սխալ շրջադարձ էր կատարել, որի արդյունքում փակել էր երթևեկելի հատվածի մի կողմը: «Ժամանակավոր դադարեցրել ենք ծանրաքարշ մեքենաների երթևեկը` մինչև իրավիճակը կշտկվի»,-ասաց ճանապարհային ոստիկանության տարածքային տեսուչը:

Նախարարը հանձնարարեց արագ դուրս բերել կանգնած բեռնատարը երթևեկելի հատվածից և վերականգնել բնականոն երթևեկը:




Թունելն անցնելուց հետո Դիլիջանի ոլորաններին ճանապարհների անցանելիությունը չգոհացրեց նախարարին: «Ծովագյուղ» ճանապարհաշինական ընկերության տնօրենն արդարացավ, թե սովորական պայմաններում այս հատվածը երկու մեքենա աղ ու ավազով լրիվ ծածկում են, վերջին օրերին 22 մեքենա խառնուրդ են շաղ տվել, բայց լիարժեք մաքրել չի հաջողվում:

«Երեկ առավոտից անդադար ձյուն է գալիս, անընդհատ մաքրում ենք, աղ ու ավազով մշակում, բայց ուրբաթ երեկո է, մեքենաների ինտենսիվությունը շատ մեծ է, վարորդներն էլ անհամբեր»,- ասաց «Ծովագյուղ ՃՇՇ» տնօրեն Նորիկ Սիմոնյանը:




Նախարարը հանձնարարեց ջանքերը կրկնապատկել: Վերջին հրահանգները տալով` շարունակեց ճանապարհը դեպի Վանաձոր: Այս ճանապարհահատվածում անընդհատ տեղացող ձյունն ու բուքը դժվարացնում են մաքրման աշխատանքները, ճանապարհը հատվածաբար վատ էր մաքրված: Նախարարի նկատողությանն ի պատասխան՝ սպասարկող ընկերության ներկայացուցիչները լռեցին:

Վահան Մարտիրոսյանը զգուշացրեց, որ  ստուգումներ են լինելու հաջորդ օրն առավոտյան, ակնկալվում է ճանապարհը տեսնել լիարժեք մաքրված:
«Եթե իրավիճակը չշտկվի, ստիպված կլինենք վերանայել սպասարկման պայմանագրերը ձեզ հետ»,- հավելեց նախարարը:



Սպիտակի ոլորանները հանրապետության ամենաբքառատ ճանապարհներից են։ Սակայն դա չի արդարացնում ճանապարհի մեղմ ասած՝ վատ վիճակը։ Սպասարկող ճանշինի տնօրենն ասում է, թե բքի պայմաններում մաքրելն անհնար է, նախարարը հակադարձում է` դա արդարացում չէ: «Եթե մյուսների մոտ ստացվում է, ձեզ մոտ ոչ, ուրեմն դուք լավ չեք աշխատում»,- ասաց նախարարը:



Եղանակային խիստ պայմաններ են նաև Արագածի և Ապարանի տարածաշրջաններում՝ Ռիա-Թազա- Քուչակ հատվածում, որտեղ ձյան շերտը ավելի քան 50 սմ է, սակայն ճանապարհաշինարարները աշխատել են բարեխղճորեն, տեխնիկան ճանապարհին էր՝ գործի դրված, երթևեկելի հատվածը՝ լիարժեք անցանելի:




Ընթացքում մերթընդմերթ կանգառներ, նկատողություններ, լավ աշխատանքի դեպքում` գովեստի խոսքեր, ինչպես  Արագածի տարածաշրջանը սպասարկող ընկերության դեպքում է: Գոհացուցիչ էր նաև Ապարանի ավտոճանապարհների վիճակը:



Աշտարակի տարածաշրջանի բետոնածածկ ճանապարհին ձնամաքրման աշխատանքները, ի տարբերություն ասֆալտապատ ճանապարհի, քիչ այլ կերպ են կատարվում: Սպասարկող ընկերության աշխատակիցը ներկայացրեց արվածը, ցույց տվեց բետոնե ծածկը մաքրելու համար հարմարեցված տեխնիկան:

Այստեղ էլ նախարարն ամփոփեց շրջայցը, ընդհանուր առմամբ ավտոճանապարհների մաքրման և մշակման աշխատանքների վիճակը գնահատելով բավարար` ընդգծելով նաև նկատած թերությունները:



«Մինչև ուշ գիշեր շրջեցինք տարբեր մարզերով, ձնամաքրման աշխատանքներն ընթանում են: Ճանապարհաշինարարների աշխատանքների և’ դրական, և’ բացասական մասերը տեսանք: Գնահատում ենք լավ աշխատողների ջանքերը, իսկ գործում թերացողների դեպքում համապատասխան քայլեր կձեռնարկենք»,- ասաց նախարարը:

Վահան Մարտիրոսյանի խոսքով` նմանատիպ անակնկալ այցերն ավելի արդյունավետ են` բոլոր թերացումները բացահայտելու և դրանք շտկելու ուղղությամբ հրատապ քայլեր ձեռնարկելու համար:

Այլ մանրամասներ՝ տեսանյութում...

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների
նախարարության լրատվական ծառայություն




Ընդլայնված որոնում

Պահոց


Ամիս
Տարի
 

Նամականիշներ



Ճանապարհային քարտեզ


Ավելին