Մ6` Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման մայրուղու վերականգնման ծրագիր

Ծրագրի  հիմնական նպատակն է` հիմնանորոգել և վերակառուցել Հայաստանի Հանրապետությունը Վրաստանի Հանրապետության հետ կապող Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման շուրջ 90 կմ ընդհանուր երկարությամբ միջպետական ճանապարհը:

Մ6 Վանաձոր - Ալավերդի - Վրաստանի սահման  միջպետական ճանապարհն սկսվում է Վանաձոր քաղաքից, անցնում է ՀՀ Լոռու և Տավուշի մարզերի թվով 33 համայնքներով (167 419 ընդհանուր բնակչությամբ)՝ շարունակվելով մինչև Բագրատաշենի սահմանակետ: Նախատեսվում է ծրագրի շրջանակներում շինարարական աշխատանքներն  իրականացնել շուրջ 32 ամիս:

Ծրագիրը ֆինանսավորվելու է Եվրոպական ներդրումային բանկի և Ասիական զարգացման բանկի կողմից համատեղ, ինչպես նաև նախատեսվում է ՀՀ կառավարության համաֆինանսավորում:   

Եվրոպական ներդրումային բանկը տրամադրել է 51 մլն եվրո գումարի չափով վարկ, որի վերաբերյալ Եվրոպական ներդրումային բանկի և Հայաստանի Հանրապետության միջև 2016թ. հունվարի 26-ին Երևանում և հունվարի 29-ին՝ Լյուքսեմբուրգում ստորագրվել է «Հայաստան Մ6 միջպետական ճանապարհ» ֆինանսական պայմանագիրը:

Ասիական զարգացման բանկը տրամադրելու է 44, 037,000 եվրո գումարի չափով վարկ, որի վերաբերյալ վարկային պայմանագրի նախագիծը 2016թ. օգոստոսի 23-ին նախաստորագրվել է:

Նախագծանախահաշվային փաստաթղթերը մշակել է իտալական «Լոտտի ինժեներիա» կազմակերպությունը՝ Եվրոպական ներդրումային բանկի հետ կնքված  պայմանագրի համաձայն:

Ըստ նախագծի՝ պետք իրականացվեն ճանապարհի հողային պաստառի վերականգնման, ճանապարհային պատվածքի վերակառուցման աշխատանքներ, ինչպես նաև ճանապարհահատվածում առկա 12 հատ կամուրջների և ուղեանցների կառուցում և հիմնանորոգում, գոյություն ունեցող 3 թունելների վերանորոգում և վերակառուցում:

Շինարարական աշխատանքները մեկնարկել են: