Ծրագրի մասին

«Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագիրը» խոշոր ենթակառուցվածքային ծրագիր է, որի նպատակն է միջազգային բարձր ստանդարտներին բավարարող 556 կմ ընդհանուր երկարությամբ Մեղրի-Երևան-Բավրա ավտոճանապարհի միջոցով երկրի հարավը կապել հյուսիսի հետ: Ռազմավարական կարևոր նշանակություն ունեցող այս ճանապարհի կառուցումը կապահովի Հայաստանի հարավային սահմանից դյուրին երթևեկը մինչև Վրաստանի սահման, ապա նաև դեպի Սևծովյան նավահանգիստներ, թույլ կտա իրականացնել եվրոպական չափանիշներին համապատասխանող բեռնափոխադրումներ և ուղևորափոխադրումներ, զարգացման լուրջ հնարավորություններ կընձեռի Հայաստանի հարավից հյուսիս ընկած բոլոր բնակավայրերին:

Ծրագրի իրականացման համար պայմանագրեր են կնքվել Ասիական զարգացման (ԱԶԲ) և Եվրոպական ներդրումային (ԵՆԲ) բանկերի հետ, որոնց համաձայն ծրագրի ավարտի թիրախային ժամկետներ են սահմանվել համապատասխանաբար 2017 և 2019 թվականները: Ծրագրի հաշվարկային արժեքը կազմում մոտ 1,5 միլիարդ ԱՄՆ դոլար: Ծրագիրը բաժանված է 5 տրանշերի: Շարունակվում իրականացվել նաև բանակցային գործընթացներ միջանցքի հյուսիսային և հարավային հատվածների կառուցման նպատակով այլ դոնորների ներգրավման ուղղությամբ:
 
Ծրագրի իրականացման արդյունքում մասնավորապես ակնկալվում է ունենալ`

• Միջազգային չափանիշներին բավարարող բարելավված ճանապարհային միջանցք,
• Երևան-Գյումրի և Երևան-Արարատ հատվածներում քառուղի առաջին կարգի ճանապարհ,
• Միջանցքի մյուս հատվածներում միջազգային չափանիշներին բավարարող բարելավումներ` հետագայում 4 ուղու ընդլայնման հնարավորությամբ,
• Ճանապարհային միջանցքի արդյունավետ և անվտանգ երթևեկության կազմակերպում:

Հյուսիս-Հարավ տրանսպորտային միջանցքը.

• Ապահովում է Հայաստանի, Վրաստանի տարածքներով ելք դեպի Սև ծով և այնուհետև դեպի եվրոպական երկրներ,
• Հատելով Հայաստանի տարածքը հարավից հյուսիս` (Մեղրի-Երևան-Աշտարակ-Գյումրի-Բավրա) միջանցքը միանում է վրացական ճանապարհին հարավային կողմից, որը տանում է դեպի Փոթի և Բաթումի նավահանգիստները,
• Ծրագրի իրականացման արդյունքում բարելավվում է Եվրոպա-Կովկաս-Ասիա ճանապարհային հաղորդակցությունը՝ Արևմտյան Ասիայի և Արևելյան Եվրոպայի հատման վայրում:

Ծրագրի նպատակներն են` հարևան երկրների հետ հաղորդակցման դյուրինացումը, Կենտրոնական Ասիա, Եվրոպա ձգվող հաղորդակցության ուղիներով դեպի արտաքին շուկաներ ելքի հնարավորությունների ընդլայնումը և դյուրինացումը, տնտեսության հիմնական ոլորտների զարգացումը և արտահանման ընդլայնումը (արդյունաբերություն, գյուղատնտեսություն, հանքարդյունաբերություն, շինարարություն, զբոսաշրջություն), բնակչության ներքին շարժերի ակտիվացումը և այլն:

Ծրագրի հիմնական խնդիրներն են` բարձրացնել անվտանգությունը և հարմարավետությունը, կրճատել ժամանակային և ֆինանսական ծախսումները, ինտեգրել հնարավոր անհրաժեշտ հեռահաղորդակցության և այլ ենթակառույցները:
Ծրագրի իրականացումը դիտվում է ՀՀ կառավարության «Գյումրին տեխնոքաղաքի վերակառուցման», «Տաթև զբոսաշրջային կենտրոն», «Ջերմուկ քաղաքի զարգացման» և «Զվարթնոցի ազատ տնտեսական գոտու» ծրագրերի համատեքստում: Հյուսիս-հարավ ճանապարհային ծրագրի իրականացումը էապես կնպաստի նշված ծրագրերի արդյունավետությանը և նպատակների ձեռքբերմանը:

Ծրագիրն իրականացվում է բազմատրանշ ֆինանսավորման տարբերակով: Այն բաժանված է առանձին տրանշերի, որոնց շրջանակում կնքվում են վարկային առանձին պայմանագրեր: