ՏՐԱՍԵԿԱ

«ՏՐԱՍԵԿԱ»` Եվրոպա-Կովկաս-Ասիա տրանսպորտային միջանցքի ծրագիրը հաստատվել է 1993թ. մայիսին` Բրյուսելում կայացած կոնֆերանսում, որին մասնակցել են Կենտրոնական Ասիայի հինգ և Անդրկովկասի երեք հանրապետությունների տրանսպորտի և առևտրի նախարարները:

Կոնֆերանսի ժամանակ Եվրամիությունը հավաստել է, որ տեխնիկական աջակցություն կցուցաբերի Սև ծովից Կովկասով և Կասպից ծովով դեպի Կենտրոնական Ասիա ձգվող տրանսպորտային առանցքի զարգացմանը:

«ՏՐԱՍԵԿԱ» ծրագրի մասնակից են 13 երկրներ` Հայաստան, Վրաստան, Ադրբեջան, Ղազախստան, Տաջիկստան, ՈՒզբեկստան, Մոլդովա, ՈՒկրաինա, Բուլղարիա, Ռումինիա, Թուրքիա, Մոնղոլիա, Ղրղզստան:

«ՏՐԱՍԵԿԱ»-ի ազգային մարմինը ՏՐԱՍԵԿԱ ազգային քարտուղարությունն է: «ՏՐԱՍԵԿԱ» ծրագրի մշտական քարտուղարությունը գտնվում է Բաքվում:

Հայաստանի Հանրապետությունը «ՏՐԱՍԵԿԱ» ծրագրին անդամակցում է 1993թ.: Հայաստանը վավերացրել է «Եվրոպա-Կովկաս-Ասիա տրանսպորտային միջանցքի զարգացման միջազգային տրանսպորտի մասին հիմնական բազմակողմ համաձայնագիրը» և նրա տեխնիկական հավելվածները:

«ՏՐԱՍԵԿԱ» երևանյան համաժողովում 2003թ. հոկտեմբերի 9-10-ը Երևանում անցկացվել է ՏՐԱՍԵԿԱ միջկառավարական հանձնաժողովի տարեկան կոնֆերանսը, որին, ի թիվս անդամ երկրների /բացառությամբ Մոնղոլիայի /,մասնակցել են նաև Իրանի Իսլամական Հանրապետության և Աֆղանստանի Իսլամական Պետության ներկայացուցիչները, որոնք ներկայացրել են Հիմնական բազմակողմ համաձայնագրի շրջանակներում համագործակցության և Եվրոպա-Կովկաս-Ասիա տրանսպորտային միջանցքին հնարավոր անդամակցության հարցը:

ՏՐԱՍԵԿԱ երևանյան համաժողովին մասնակցել են ավելի քան 10 միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ, Եվրահանձնաժողովի բարձրաստիճան պաշտոնյաներ:

Համաժողովը, որի ընթացքում Հայաստանը մեկ տարի ժամկետով ստանձնել է ՏՐԱՍԵԿԱ միջկառավարական հանձնաժողովի նախագահությունը, օրակարգում քննարկել է մի շարք կարևորագույն խնդիրներ. ընդունվել է ՏՐԱՍԵԿԱ միջկառավարական հանձնաժողովի համատեղ ֆինանսավորման մասին հուշագիրը, փոփոխություններ են կատարվել ՏՐԱՍԵԿԱ Հիմնական բազմակողմ համաձայնագրում, մշակվել է 2004-20008 թթ. համար ՏՐԱՍԵԿԱ ծրագրի, որի ստեղծման 10-ամյակն է այս տարի, ռազմավարությունը:

Օրակարգում են եղել նաև ՏՐԱՍԵԿԱ անդամ երկրների երկաթուղային, նավահանգստային և նավագնացային ընկերությունների ղեկավարների խորհրդի ստեղծման, ՏՐԱՍԵԿԱ միջկառավարական հանձնաժողովի ընթացակարգի կանոնների և մշտական քարտուղարության կանոնադրության հաստատման և այլ հարցեր:

Համաժողովի աշխատանքների արդյունքում ընդունվել է Երևանյան հռչակագիրը:

ՏՐԱՍԵԿԱ ներդրումային ծրագրերը, որոնց մեջ ներառվել է Հայաստանը

Հայաստանը մասնակցում է «ՏՐԱՍԵԿԱ» ծրագրի շրջանակներում իրականացվող բոլոր կարևոր միջոցառումներին, աջակցում է տարածաշրջանային նախագծերին, որոնց նպատակն է ապահովել հետագա համագործակցությունը և տնտեսական զարգացումն` ուղղված ավտոմոբիլային ճանապարհների և երկաթուղային կապակցումների զարգացմանը տարածաշրջանում:

1. «Կարմիր բլուր» բեռնահամալիրի արդիականացումը: 1մլն. եվրո արժողությամբ դրամաշնորհային այս ծրագիրը հաստատվել է 1998թ.և իրականացվել 1999թ. օգոստոս- 2000թ. մայիս ամիսներին: Բեռնահամալիրը հագեցվել է ժամանակակից տեխնիկայով և օժանդակ սարքավորումներով, ինչի արդյունքում բարձրացել է բեռների սպասարկման արագությունը, նվազել սպասարկման գինը, ինչպես նաև առաջին անգամ հնարավորություն է ընձեռվել 40տ տարողությամբ կոնտեյներներ սպասարկելու:

2. Կովկասյան երկրների ազդանշանային և կոմունիկացիոն համակարգերի համար օպտիկամանրաթելային մալուխի մատակարարման 15 մլն. եվրո արժողությամբ ծրագիրը, որից 5մլն. եվրոն հատկացվել է Հայաստանին` իրականացնելու հուսալի համակարգչային կապի ապահովում, որը կօգտագործվի երկաթուղահոսքի կառավարման գործում:

Հայաստանը ներառված է ավելի քան 18 տեխնիկական աջակցության ծրագրերում, որոնցից 4-ը ընթացքի մեջ են. դրանք են` «ՏՐԱՍԵԿԱ համակարգող խումբ», «Սահմանամերձ գոտիներում ընթացակարգի ներդաշնակում», «Տարանցիկ փոխադրումների համար ընդհանուր իրավաբանական բազայի ստեղծում»:

Հայաստանի համար արձանագրված հաջողություններից է ՏՐԱՍԵԿԱ ծրագրի քարտեզում երկաթուղային և ավտոճանապարհային Գյումրի-Կարս հատվածի ընդգրկումը, որը հաստատվեց ՏՐԱՍԵԿԱ 2001թ. դեկտեմբերին Թբիլիսիում կայացած կոնֆերանսում: Նշենք, որ դեռևս 1995-1996թթ.Եվրահանձնաժողովի կողմից ֆինանսավորվել է երկաթուղու այս հատվածի համար կարևոր ` Գյումրիի լոկոմոտիվային և վագոնային դեպոների արդիականացումը 500 հազ. եվրո դրամաշնորհով , ինչով կարևորվել է Գյումրիի հանգուցային կետի դերը ՏՐԱՍԵԿԱ ուղղություններում:

Ներկայում Եվրամիության կողմից ցուցաբերվող ֆինանսական օժանդակության նվազեցման պատճառով ՏՐԱՍԵԿԱ անդամ-պետությունները պետք է ապահովեն ծրագրի հետագա ֆինանսավորումը: