ՄԱԿ

Միավորված ազգերի կազմակերպության  շրջանակներում ակտիվ մասնակցություն է ցուցաբերվում Եվրոպայի տնտեսական հարցերով հանձնաժողովի (UNECE) և Ասիայի և խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի հարցերով խորհրդի (UNESCAP) աշխատանքներին:

Նշված մարմինների շրջանակներում քննարկվում են տարածաշրջանային նշանակության ավտոմոբիլային և երկաթուղային ճանապարհներին, դրանց միջպետական ճանապարհային նշանակության քարտեզներում արտացոլման, երթևեկության անվտանգության բարձրացման և միջազգային չափանիշներին համապատասխանեցնելուն վերաբերող հարցերը: 
 
UNECE-ի հետ համագործակցության շրջանակներում մասնակցություն է ցուցաբերվում տրանսպորտի հարցերով խմբի հանդիպումներին, իսկ 2006թ.-ից Հայաստանի Հանրապետությունը անդամակցում է «Տրանս-եվրոպական մայրուղիներ» և «Տրանս-եվրոպական երկաթուղիներ» ծրագրերին, որոնց նպատակը եվրոպական երկրների հետ հաղորդակցվելու առումով կարևոր նշանակություն ունեցող տրանսպորտային ուղիների բացահայտումը, դրանց բարեկարգումն ու եվրոպական չափանիշներին համապատասխանեցումն է, ինչպես նաև այդ ուղիների համար բարեկարգման նախագծերի պատրաստման և հնարավոր ֆինանսավորման միջոցների հայտնաբերումը: 
 
UNESCAP-ի հետ համագործակցության շրջանակներում կարևորվում է մասնակցությունը տրանս-ասիական մայրուղիներ և տրանս-ասիական երկաթուղիների տրանսպորտային ցանցի ձևավորման և զարգացման շուրջ ծավալված համագործակցությունը: Այս բնագավառում կատարվում է պետությունների միջև անհրաժեշտ վիճակագրական տվյալների փոխանակում, միջազգային որակավորում ունեցող փորձագիտական խմբերի կողմից տրամադրվում են կատարելագործմանն ուղղված երաշխավորագրեր և այլն: Տրանս-ասիական մայրուղիների ծրագրի շրջանակներում UNESCAP-ի փորձագետները 2007թ. մարտ ամսին այցելել են Հայաստան և տեխնիկական այցելություն կատարել դեպի Գորիս-Կապան ավտոմայրուղի, որի արդյունքում կազմվել է նախնական տեխնիկատնտեսական հիմնավորում: Ներկայումս դիտարկվում է հնարավոր միջազգային ֆինանսական աղբյուրների ներգրավումը`  նշված ավտոճանապարհի վերանորոգման և   միջազգային չափանիշներին համապատասխանեցնելու համար: