Լիցենզավորում

- Լիցենզավորման ենթակա գործունեության տեսակներից ո՞ր լիցենզիաներն են տրամադրվում ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության կողմից:
- «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 43-րդ հոդվածի համաձայն՝ ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության կողմից տրամադրվում են փոստային կապի և տրանսպորտի բնագավառի  գործունեության  հետևյալ լիցենզիաները.

1. Երկաթուղային տրանսպորտի գործունեության կազմակերպում:
2. Տրանսպորտային միջոցների տեխնիկական զննության գործունեություն:
3. Ընդհանուր օգտագործման ուղևորատար ավտոմոբիլային տրանսպորտով կանոնավոր փոխադրումների կազմակերպում:
4.Անհատ ձեռնարկատերերի կողմից մարդատար-տաքսի ավտոմոբիլով ուղևորափոխադրումների կազմակերպում:
5.Անհատ ձեռնարկատերերի կողմից մեկից ավելի ավտոմոբիլներով և կազմակերպությունների կողմից (անկախ ավտոմոբիլների քանակից) մարդատար-տաքսի ավտոմոբիլներով ուղևորափոխադրումների կազմակերպում:
6. Փոստային կապի գործունեություն:

- Որքա՞ն են ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության կողմից տրամադրվող լիցենզիաների տարեկան պետական տուրքի դրույքաչափերը:
- «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 19-րդ հոդվածի 9.1 և 15-րդ կետերով ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության կողմից տրամադրվող լիցենզիաների տարեկան պետական տուրքի դրույքաչափեր են սահմանված՝

- փոստային կապի գործունեության համար` տարեկան 3 մլն. դրամ,
- երկաթուղային տրանսպորտի գործունեության կազմակերպման համար` տարեկան 1 մլն. դրամ,
- տրանսպորտային միջոցների և դրանց կցորդների պարտադիր տեխնիկական զննության անցկացման գործունեության իրականացման համար օգտագործվող յուրաքանչյուր հոսքագծի հաշվով՝ տարեկան 1 մլն. դրամ,
- ընդհանուր օգտագործման ուղևորատար ավտոմոբիլային տրանսպորտով կանոնավոր փոխադրումների կազմակերպման համար` տարեկան 100.000 դրամ,

Մարդատար-տաքսի ավտոմոբիլներով ուղևորափոխադրումների կազմակերպման համար՝

 - անհատ ձեռնարկատերերի կողմից մարդատար-տաքսի մեկ ավտոմոբիլով ուղևորափոխադրումների կազմակերպման համար` տարեկան 25.000 դրամ,
 - անհատ ձեռնարկատերերի կողմից մեկից ավելի ավտոմոբիլներով և կազմակերպությունների կողմից (անկախ ավտոմոբիլների քանակից) մարդատար-տաքսի ավտոմոբիլներով ուղևորափոխադրումների կազմակերպման համար` տարեկան 200.000 դրամ:

- Որքա՞ն պետական տուրք է սահմանված լիցենզիայի կամ ներդիրի կրկնօրինակ ստանալու համար:
- «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 20 և 21-րդ կետերով սահմանված են՝
  • լիցենզիայի կրկնօրինակը տալու համար՝ 24.000 դրամ,
  • Լիցենզիայի ներդիրի կրկնօրինակը տալու համար՝ 10.000 դրամ:

- Կարո՞ղ ենք լիցենզիայի տրամադրման վերաբերյալ հայտը ներկայացնել էլեկտրոնային եղանակով:

- ՀՀ կառավարության 2007 թ. մարտի 22-ի «Հայաստանի Հանրապետությունում մարդատար - տաքսի ավտոմոբիլներով ուղեվորափոխադրումների կազմակերպման լիցենզավորման կարգը և լիցենզիայի ձևը հաստատելու մասին» N 655-Ն որոշման 2-րդ մասի 7.2 կետի համաձայն՝ լիցենզիա, ինչպես նաև լիցենզիայի ներդիրներ ստանալու մասին հայտերը և դրանց կից փաստաթղթերը կարող են ներկայացվել առձեռն, փոստով կամ էլեկտրոնային եղանակով:
Էլեկտրոնային համակարգի միջոցով փաստաթղթերը ներկայացվում են Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի սեպտեմբերի 24-ի N 1283-Ն որոշմամբ սահմանված կարգով:

- Ի՞նչ պահանջների պետք է բավարարի տրանսպորտային միջոցը, որպեսզի ներգրավվի տաքսամոտորային փոխադրումներում:
- ՀՀ կառավարության 2007 թվականի մարտի 22-ի «Հայաստանի Հանրապետությունում մարդատար - տաքսի ավտոմոբիլներով ուղևորափոխադրումների կազմակերպման լիցենզավորման կարգը և լիցենզիայի ձևը հաստատելու մասին» N 655-Ն որոշման 3-րդ մասի 21-րդ կետի համաձայն՝ մարդատար - տաքսի ավտոմոբիլներով ուղևորափոխադրումներում ներգրավվող ավտոմոբիլները պետք է համապատասխանեն անվտանգության, աշխատանքի և շրջակա միջավայրի պահպանության ու տեխնիկական կանոնակարգերի պահանջներին, իսկ 23-րդ կետի համաձայն պետք է ունենա՝
1) ուղեսրահում` ուղևորին տեսանելի մասում տեղադրված տաքսամետր (սակաչափիչ).
2) թափքի կողային մասում շախմատաձև տարբերանշմամբ գծանշում.
3) ուղեսրահում զբաղված լինելը (չլինելը) արտահայտող լուսացուցիչ, իսկ տանիքին` «ՏԱՔՍԻ» գրառմամբ դեղին գույնի տարբերանշան.
4) տաքսի - ծառայություն մատուցող կազմակերպության և տվյալ ավտոմոբիլի վարորդի մասին տեղեկատվություն (կազմակերպության անվանումը, հեռախոսահամարը և վարորդի անունը, ազգանունը):