Տրանսպորտ

- Ո՞վ է իրականացնում տրանսպորտային համակարգի պետական կառավարումը:
- «Տրանսպորտի մասին» ՀՀ օրենքի 5-րդ հոդվածի համաձայն` տրանսպորտային համակարգի պետական կառավարումն իրականացնում է տրանսպորտային համակարգի պետական լիազորված մարմինը, որն ունի հետևյալ հիմնական խնդիրները`
• տրանսպորտի ոլորտում միջպետական համագործակցություն
• անկախ սեփականության ձևից` տրանսպորտի շահագործման տեխնիկական նորմերի և ստանդարտների մշակում
•  տրանսպորտի բոլոր տեսակների համար պետական ծրագրերի և հայեցակարգերի մշակում, տեխնիկական քաղաքականության մշակում և իրագործում, ուսուցում և կադրերի որակավորման բարձրացում
• տեղեկատվության համակարգում, վերլուծություն և կանխատեսում
• ուղևորափոխադրումների միասնական համակարգի կազմակերպում
• սահմանված կարգով տրանսպորտի բոլոր տեսակների գործունեությունը կանոնակարգող նորմատիվ և տեխնիկական նորմատիվ ակտերի մշակում և հաստատում
• տրանսպորտի ոլորտի նորմատիվ իրավական ակտերի կատարման վերահսկողության իրականացում
• օրենսդրությամբ սահմանված լիազորությունների շրջանակում` տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների հետ գործունեության համակարգում:

- Ի՞նչ սկզբունքով է սահմանվում փոխադրավարձը:
«Տրանսպորտի մասին» ՀՀ օրենքի 12-րդ հոդվածի համաձայն`
1. Ուղևորների, բեռների, ուղեբեռների, փոստի փոխադրման համար գանձվում է պայմանագրով սահմանված վարձ, եթե օրենսդրությամբ այլ բան նախատեսված չէ:
2. Բեռի տիրոջ պահանջով` ծառայությունների և աշխատանքների դիմաց վճարումը կատարվում է սակագներով կամ կողմերի համաձայնությամբ:
3. Եթե բեռի տերը փոխադրավարձը չի վճարում, փոխադրողն իրավունք ունի պահել փոխադրման համար իրեն հանձնված բեռը` փոխադրավարձը և տրանսպորտային այլ ծախսերը ծածկելու համար, եթե դա նախատեսված է պայմանագրով:
4. Փոխադրամիջոցի խափանման պատճառով ուղևորին, բեռը, ուղեբեռը և փոստը նշանակման վայր հասցնելու լրացուցիչ ծախսերը կատարվում են փոխադրողի հաշվին:

- Ի՞նչ իրավունքներ ունեն ուղևորները:
«Տրանսպորտի մասին» ՀՀ օրենքի 15-րդ հոդվածի համաձայն` ուղևորն իրավունք ունի`
ա) ձեռք բերել տրանսպորտի ցանկացած տեսակի և ցանկացած երթուղու տոմս, եթե դրանք բաց են ուղևորափոխադրումների համար.
բ) տեղ զբաղեցնել ձեռք բերված տոմսին համապատասխան.
գ) տարիքը հաստատող փաստաթղթի առկայության դեպքում, առանց առանձին նստատեղերի հատկացման, անվճար իր հետ փոխադրել տրանսպորտի տվյալ տեսակի համար Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված տարիքային խմբի մեկ երեխա.
դ) իր հետ անվճար փոխադրել տրանսպորտի տվյալ տեսակի համար Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված չափի ձեռքի ծանրոց.
ե) սահմանված սակագներով փոխադրման հանձնել տրանսպորտի տվյալ տեսակի համար Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված չափերի ուղեբեռ.
զ) փոխադրման ընթացքում երկարացնել տոմսի գործողության ժամկետը.
է) մինչև փոխադրումն սկսվելը վերադարձնել տոմսը և փոխադրողի ցանկացած տոմսարկղում հետ ստանալ վճարված գումարը` վճարելով տոմսի ձևակերպման հետ կապված ծախսերը, փոխադրումից ուշանալու դեպքում` տրանսպորտի տվյալ տեսակի համար Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված վճարը.
ը) պահանջել փոխադրողի պատճառով հասցված վնասի հատուցում:

- Ովքե՞ր իրավունք ունեն վարել տրանսպորտային միջոց:
«Տրանսպորտի մասին» ՀՀ օրենքի 17-րդ հոդվածի համաձայն`
1. Տրանսպորտային միջոցը վարելու իրավունք ունեն այն անձինք, ովքեր ունեն անհրաժեշտ որակավորում, ունեն սահմանված նմուշի հաստատված փաստաթուղթ:
2. Տրանսպորտային միջոցը վարելու որակավորման պահանջները սահմանվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ:

- Ի՞նչ գործառույթներ ունի տրանսպորտային տեսչությունը:
«Հայաստանի Հանրապետության տրանսպորտային տեսչության մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի համաձայն` տրանսպորտային տեսչությունն իր իրավասության սահմաններում վերահսկողություն է իրականացնում տրանսպորտի մասին օրենսդրության, տրանսպորտի ոլորտում գործունեության իրականացման լիցենզիաների, միջազգային փոխադրումների թույլտվությունների, ջրային, էլեկտրատրանսպորտային, մետրոպոլիտենային և երկաթուղային տրանսպորտի գործունեության, ընդհանուր օգտագործման պետական ավտոմոբիլային ճանապարհներին գովազդի մասին օրենսդրության, ավտոմոբիլային տրանսպորտի շարժական կազմի տեխնիկական շահագործման վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջների կատարման նկատմամբ:

- Ի՞նչ պարտավորություններ ունեն տրանսպորտային տեսչության պաշտոնատար անձինք:
«Հայաստանի Հանրապետության տրանսպորտային տեսչության մասին» ՀՀ օրենքի 14-րդ հոդվածի համաձայն` տրանսպորտային տեսչության պաշտոնատար անձը պարտավոր է՝
ա) իր գործունեության ընթացքում չխոչընդոտել փոխադրումների մասնակիցների բնականոն գործունեությանը.
բ) փոխադրումների մասնակիցների մասին ստացված տվյալներն ու տեղեկություններն օգտագործել միայն ծառայողական նպատակներով՝ պահպանելով առևտրային, պետական, ծառայողական և օրենքով պաշտպանված այլ գաղտնիքներ.
գ) փոխադրումների մասնակիցների իրավունքների սահմանափակման գործողությունների դեպքերում հնարավորություն ընձեռել նրանց` օրենքով սահմանված կարգով ծանոթանալու գործին առնչվող փաստաթղթերին և նյութերին.