Կապ և տեղեկատվայնացում

- Ինչու՞ չի գործում լարային ռադիոն:
- Հայաստանի Հանրապետության լարային ռադիոցանցը ստեղծվել է նախորդ հարյուրամյակի 20-30-ական թվականներին: Տեխնիկական վերջին համալրումն իրականացվել է 1970-ականների լուծումներով և սարքավորումներով:
Լարային ռադիոցանցը, լինելով ֆիզիկապես մաշված ու բարոյապես հնացած, վաղուց չէր համապատասխանում արդի աուդիովիզուալ նյութերի տարածմանն առաջադրվող պահանջներին, ինչն էլ հիմնականում պատճառ է դարձել 80-90-ական թվականների համեմատ բաժանորդների թվաքանակի գրեթե 85 անգամ անկմանը. այդ թիվը Երևանում կազմում է 2750 բաժանորդ:
Լարային ռադիոցանցը, նախկինում լինելով ռադիոհաղորդումների լարային սփռում իրականացնող միակ կառույցը, ստիպված էր մրցակցել նմանատիպ գործունեություն իրականացնելու լիցենզիա ունեցող 54 մասնավոր ընկերությունների հետ, որոնք ստեղծվել են 2000 թվականից հետո և համալրված են արդիական տեխնիկական միջոցներով:
Վերջիններս բաժանորդներին մատուցում են ռադիոհաղորդումների սփռման և հեռահաղորդակցական այլ համալիր ծառայություններ` գերազանցելով լարային ռադիոցանցի սփռման տարածքը և սպասարկելով տասնյակ անգամներ գերազանցող բաժանորդների, ինչպես Երևան քաղաքում, այնպես էլ ՀՀ մարզերում:
Ստեղծված մրցակցային շուկայական պայմաններում ցանցի կենսունակության պահպանումն ու ծառայությունների գրավչության ապահովումը ենթադրում էր մեծ ներդրումներ` տեխնիկական համալիրը վերազինելու և լրացուցիչ հեռահաղորդակցական ու աուդիովիզուալ բաղադրիչներ հավելելու համար, որի հնարավորությունը «ՀՀՌՑ» ՓԲԸ-ն չունի:
«ՀՀՌՑ» ՓԲ ընկերությունը 2014թ. հունիսի 1-ից դադարեցրել է լարային ռադիոցանցի գործունեությունը, և «Հայաստանի Հանրային ռադիոընկերություն» ՓԲ ընկերությանն առաջարկվել է ռադիոծրագրի սփռումն ապահովել Հայաստանի Հանրապետությունում հեռուստառադիոհաղորդումների մալուխային հեռարձակման լիցենզիա ունեցող ընկերությունների միջոցով:
ՀՀ Երևան քաղաքում հանրային ռադիոծրագրերը սփռվում են 69.7 ՄՀց և 107.7 ՄՀց հաճախականություններով:
Լարային ռադիոցանցի կանխավճար ունեցող բաժանորդներին կվերադարձվի վճարված գումարը, այն բաժանորդները, ովքեր ընդգրկված են ՀՀ պետական լիազոր մարմնի կողմից հաստատված սոցիալապես անապահով ընտանիքների ցանկում, կարող են դիմել «ՀՀՌՑ» ՓԲ ընկերություն և անվճար ստանալ ռադիոընդունիչ:

- Որտեղի՞ց կարելի է տեղեկանալ կապի և տեղեկատվական հաղորդակցական տեխնոլոգիաների ոլորտին առընչվող պաշտոնական վիճակագրական ցուցանիշներին:
- ՀՀ կառավարության որոշմամբ՝ կապի և տեղեկատվական հաղորդակցական տեխնոլոգիաների ոլորտին առնչվող պաշտոնական վիճակագրական ցուցանիշները հավաքագրում և ամփոփում է ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը: Պաշտոնական վիճակագրական ցուցանիշները հրապարակված են ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության պաշտոնական կայքի գլխավոր էջի ձախ մասում՝ «ՏՀՏ ցուցանիշներ» բաժնում, որտեղ տեղադրված է ՀՀ օրենսդրությամբ սահմանված ցուցանիշների հավաքագրման գործընթացը: Ներկայացված են նաև լրացված ցուցանիշները և ցուցանիշներից օգտվելու վերաբերյալ համապատասխան տեղեկատվությունը:

- Ո՞ր պետական մարմին է իրավասու լուծել էլեկտրոնային հաղորդակցության ծառայություններ մատուցող օպերատորների և բաժանորդների  (քաղաքացիների) միջև ծագած խնդիրները:
- Գերիշխող օպերատորի և ցանկացած այլ օպերատորի, ծառայություններ մատուցողի և վերջնական օգտագործողի, ինչպես նաև ծառայությունների մատուցման մեջ գերիշխողի և վերջնական օգտագործողի միջև ծագած վեճերի (ծառայության (հեռախոս, ինտերնետ) վատ որակ, ծառայության (հեռախոս, ինտերնետ) անջատում, ծառայության (հեռախոս, ինտերնետ) մատուցման վճարի հետ կապված խնդիր և ծառայության հետ կապված այլ խնդիրների լուծումը  վերապահված է ՀՀ հանրային ծառայությունները  կարգավորող  հանձնաժողովին:

- Հայաստանի Հանրապետության մարզերում ինչու՞ չի հեռարձակվում «ՕՌՏ» հեռուստաալիքը:
- Համաձայն ՀՀ հեռուստատեսության և ռադիոյի  ազգային հանձնաժողովի 16.12.2010թ. թիվ 97-Ա որոշման` Հայաստանի Հանրապետության տարածքում «ՕՌՏ» հեռուստաալիքը վերահեռարձակող «Կայմ» ընկերությունը իրավունք է ստացել մինչև  2021թ. «ՕՌՏ» հեռուստաալիքը հեռարձակել միայն Երևան քաղաքում:

- Ի՞նչ է   թվային հեռուստատեսությունը և որն է դրա առավելությունը:
- Թվային հեռուստատեսային հեռարձակումը դա տեսաձայնային ազդանշանի փոխանցման ժամանակակից տեխնոլոգիա է, որն ունի հետևյալ հիմնական առավելությունները.
 • տեսաձայնային ազդանշանի բարձր որակ, որն իր չափանիշներով մոտեցված է ստուդիական որակին,
 • ինտերակտիվ բաղադրիչների ներմուծման հնարավորություն (հեռուստահաղորդումների էլեկտրոնային ուղեցույց, հաղորդումների լեզվի այլընտրանքներ, այլընտրանքային տեքստային և պատկերային տեղեկատվություն և այլն),
 • հաճախականային սահմանափակ ռեսուրսի արդյունավետ օգտագործում: